«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել նոր բարձրակարգ հարձակվողի, որը երկարաժամկետ հեռանկարում կփոխարինի Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» թիրախը Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն է: Նշվում է, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի ներկայացուցիչները մի քանի շաբաթ է, ինչ բանակցում են խաղացողի գործակալների հետ։ Հաղորդվում է, որ կատալոնացիները գրեթե համոզել են խաղացողին հաջորդ ամառ միանալ իրենց:
27-ամյա Մարտինեսի տրանսֆերը թանկ կարժենա, ուստի «Բարսելոնան» պետք է վաճառի իր խաղացողներից առնվազն երկուսին։ «Ինտերը» պատրաստ է դիտարկել գործարքում այլ խաղացողների ընդգրկելու հնարավորությունը, սակայն իր ավագին պատրաստ է բաց թողնել առնվազն 50 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջնում արգենտինացին «ներաձուրիի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։