«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հաջորդ ամառ հնարավոր է հեռանա ակումբից։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Sky Sports-ին տված հարցազրույցում Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ավարտից հետո (3-0):
«Ինչպես գիտեք՝ սա իմ վերջին մրցաշրջանն է «Լիվերպուլում»։ Ակումբում դեռ ոչ ոք ինձ հետ չի խոսել նոր պայմանագրի մասին, այնպես որ ես պարզապես այս մրցաշրջանը կխաղամ որպես վերջին, և հետո կտեսնենք, թե ինչ կլինի վերջում: Ես դեռ չգիտեմ, թե որ ակումբում կխաղամ, բայց սա իմ վերջին խաղն էր Օլդ Թրաֆորդում այս պահի դրությամբ: Դա ինձանից կախված չէ, ինձ հետ ոչ ոք չի խոսում պայմանագրի մասին: Տեսնենք․․․», — ասել է Սալահը։
Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 351 հանդիպման, դարձել 213 գոլի ու 90 գոլային փոխանցման հեղինակ։
Սալահի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































