«Ռեալ Սոսյեդադի» 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլում»։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում կատարելով Sponichi Annex-ին։
Աղբյուրի համաձայն՝ բրիտանացիները պատրաստ են ակտիվացնել «Ռեալ Սոսյեդադի» հետ ճապոնացու պայմանագրի գնման տարբերակը, որը կազմում է 60 միլիոն եվրո: Կարմիրների ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները Կուբոյի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» պահպանում է ֆուտբոլիստի ապագա վաճառքի 50%-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: