Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր հաստիք։
Այդ պաշտոնը թափուր է դարձել հուլիսի 16-ին Գարեթ Սաութգեյթի հրաժարականից հետո: Նա թիմը գլխավորում էր 2016 թվականից։ Անգլիացիները Սաութգեյթի գլխավորությամբ երկու անընդմեջ պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում (2020, 2024), Աշխարհի 2018 թվականի առաջնությունում հասան կիսաեզրափակիչ, իսկ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է, որ գլխավոր մարզչի աշխատանքի հայտարարությանը եղել են բավականին մեծ արձագանքներ: Աշխատանքի նկարագրության առաջին պարբերությունում նշվում է «խոշոր մրցաշարում հաղթելու» անհրաժեշտություն և ՈւԵՖԱ մարզչական Pro արտոնագիր ունենալու մասին: Հիշեցնենք, որ Անգլիան 1966 թվականի Աշխարհի առաջնությունից ի վեր ոչ մի մեծ գավաթ չի նվաճել: