«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը խոսել է Անգլիայի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիայի դեմ խաղում կրած պարտության մասին (1:2).
«Թվում էր, թե ամեն ինչ այնպես է դասավորվում, որ մենք վերջապես ավարտում էինք խոշոր տիտղոսի երկար սպասումը: Բայց Իսպանիան արժանի էր չեմպիոնության։ Նրանք եզրափակչի լավագույն թիմն էին և մրցաշարի լավագույն թիմը:
Մենք բոլորս՝ երկրպագուները, խաղացողները, մարզիչները, ֆուտբոլային ասոցիացիան, պետք է առաջ շարժվենք: Քանի որ անգլիական ֆուտբոլը դեռ լավ դիրքերում է։ Գարեթ Սաութգեյթը չորս մրցաշարերում մեզ տարավ երկու եզրափակիչ, կիսաեզրափակիչ և քառորդ եզրափակիչ: Մենք նախկինում նման արդյունքի չենք հասել։
Այժմ խնդիրը մրցունակության այս մակարդակը պահպանելն ու Անգլիան էլ ավելի լավը դարձնելն է: Սաութգեյթը և նրա անձնակազմը ֆանտաստիկ աշխատանք են կատարել՝ փոխելով ամբողջ միջավայրն ու պատմությունն ազգային հավաքականի շուրջ»,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Երեկ՝ հուլիսի 16-ին, Գարեթ Սաութգեյթը հայտարարեց, որ լքում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։