«Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական հուզիչ հրաժեշտ է տվել ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 53-ամյա մասնագետ Գարեթ Սաութգեյթին։ Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել էր, որ ազգային հավաքականի գլխավոր մարիզչը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը։
«Գարեթ, շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ և մեր թիմի համար: Ես միշտ երախտապարտ կլինեմ Ձեզ մեր ստեղծած հիշողությունների համար: Շնորհակալ եմ Ձեր աջակցության և աշխատանքի համար, որ անում եք ամեն ինչ մեր ազգի առաջընթացի համար։ Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք»,- սոցցանցի իր էջում գրել է Սական։
Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Երեք առյուծները» բոլոր մրցաշարերում անցկացրել են 102 հանդիպում՝ տանելով 64 հաղթանակ, 20 անգամ ոչ-ոքի խաղալով և կրելով 18 պարտություն։ Սաութգեյթը երկու անգամ Անգլիային դուրս է բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: