«Լիվերպուլը» գլխավոր մարզչի պաշտոնի իր թեկնածուների թվում դիտարկում է Նիկո Կովաչին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, խորվաթ մասնագետի ներկայացուցիչները Լոնդոնում կայացած հանդիպմանը քննարկել են Պրեմիեր լիգայի ակումբների հետ Կովաչի մարզչական կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։ Մարզչի ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայի մի քանի ակումբներ։
Նշվում է, որ «Լիվերպուլը» ներկայումս ուսումնասիրում է Յուրգեն Կլոպին փոխարինելու հնարավոր թեկնածուներին։ Ակումբը պաշտոնական բանակցություններ չի սկսել մասնագետներից ոչ մեկի հետ, սակայն հաջորդ մրցաշրջանում մերսիսայդցիների գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ է համարվում Ռուբեն Ամորիմը, որը գլխավորում է «Սպորտինգը»։
Կովաչի վերջին աշխատավայրը «Վոլֆսբուրգն» էր։ Մասնագետը լքել է ակումբը մարտին՝ 2024 թվականի սկզբից սկսած 10-խաղյա առանց հաղթանակների շարքից հետո: