Համացանցում մեծ տարածում է գտել իտալական սիրողական լիգայում խփված գեղեցիկ գոլի տեսանյութը:
Տեսանյութում ֆուտբոլիստներից մեկը գնդակը ստանում է եզրում, այն կասեցնում կրծքով ու փոխանցում կատարում մրցակցի տուգանային հրապարակ: Նրա թիմակիցն այդ պահին գտնվում է 11-մետրանոցի նշակետի մոտ: Փոխանցումն ավարտին հասցնելու համար նա ստիպված է լինում մի քանի քայլ հետ գնալ դարպասից, սակայն դա նրան չի խանգարում: Գնդակին մեջքով կանգնած լինելով՝ ֆուտբոլիստը կրկնկով կատարած հարվածով գրավում է մրցակցի դարպասը՝ ոչ մի շանս չտալով դարպասապահին:
Նման գոլերով հայտնի է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ավելի վաղ նա բազմիցս օգտագործել է ակրոբատիկ հնարքներ, որպեսզի գրավի մրցակցի դարպասները:
Instagram-ում հայտնի 433 ֆուտբոլային էջում այդ գոլի տեսանյութը կես օրում ավելի քան 1.7 մլն դիտում է ունեցել: