Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Մալյորկային»՝ 1:0։ Միակ գոլը խփեց հարձակվող Անտուան Գրիզմանը, ով 63-րդ րոպեին գլխի հարված կատարեց Մարիո Հերմոսոյի փոխանցումից։
Այս գոլը Գրիզմանի համար 170-րդն էր մարդիդյան թիմի կազմում, ինչի շնորհիվ նա տեղափոխվեց ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ շրջանցելով Ադրիան Էսկուդերոյին (1945 — 1958 թթ.):
Առաջին տեղում Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Արագոնեսն է (1964 — 1974)՝ 173 գոլ։
Գրիզմանը ներկայումս Լա լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է: Նա 13 խաղում խփել է ինը գոլ՝ երկուսով քիչ, քան «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Լա Լիգայի 13 տուրից հետո «Ատլետիկոն» ունի 31 միավոր և առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։
























































