Ջեյդոն Սանչոն ներողություն չի խնդրել Էրիկ տեն Հեգից սոցիալական ցանցերում նրան քննադատելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին կոնֆլիկտ էր ծագել Սանչոյի և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի միջև։ Վինգերը բաց է թողել ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումը (1:3): Խաղից հետո Էրիկ տեն Հագը դա բացատրել է նրանով, որ 23-ամյա անգլիացին չի տպավորել իրեն մարզումների ժամանակ։
Սանչոն պատասխանել էր տեն Հագին Twitter-ում հայտարարությամբ. «Ես երկար ժամանակ քավության նոխազ եմ եղել: Ես շատ եմ աշխատել մարզումների ժամանակ, մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք։ Ուրիշ պատճառներ կային, վստահ եմ»։ Այնուհետև գրառումը ջնջվել է։ Սեպտեմբերի 14-ին ֆուտբոլիստին ժամանակավորապես հեռացրել են հիմնական թիմից։
Ինչպես հայտնում է ESPN-ը, տեն Հագը խնդրել է Սանչոյին անձամբ ներողություն խնդրել իրենից և հրապարակային հայտարարություն անել, սակայն եզրային հարձակվողը դեռ չի արել դա։
Հաղորդվում է, որ տեն Հագը չի բացառում Սանչոյի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ, սակայն ակումբը կարծում է, որ միջադեպից մեկ ամիս անց ասված ներողությունը ցանկալի ազդեցություն չի ունենա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ձմռանը ուզում է հեռանալ թիմից։