«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենը դժգոհ է մնացել նեապոլիտանական թիմի սոցիալական ցանցերում հրապարակված նոր տեսանյութից։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆուտբոլիստը կարող է դատական հայց ներկայացնել ակումբի դեմ, քանի որ կարծում է, որ սոցիալական ցանցերում հումորային տեսանյութը՝ «Բոլոնիայի» հետ խաղում գրանցված 11 մետրանոցի դրվագի վերաբերյալ, նվաստացնում է իր կերպարը։
Այս իրավիճակը մեկնաբանել է նիգերիացի հարձակվողի գործակալ Ռոբերտո Կալենդանը՝ ընդգծելով, որ նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայության կողմից նման պահվածքն անթույլատրելի է։
«Այն, ինչ տեղի ունեցավ «Նապոլիի» սոցիալական ցանցերում, անընդունելի է: Վիկտորին ծաղրող տեսանյութը նախ հրապարակվեց, իսկ հետո ուշացումով հեռացվեց։ Մենք իրավունք ենք վերապահում հարուցել դատական գործընթացներ և ցանկացած նախաձեռնություն՝ ի պաշտպանություն Վիկտորի»,- ասել է Կալենդան: