«Պարի Սեն Ժերմենի» նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հուլիսի 5-ին ակումբից հեռանալուց հետո առաջին անգամ խոսել է լրատվամիջոցների հետ՝ պատասխանելով ռասիզմի մեղադրանքներին և անդրադառնալով մոտ ապագայի վերաբերյալ իր ծրագրերին։
«Ես նախկինում չեմ խոսել այս թեմայով, քանի որ լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ նման զգայուն հարցերի շուրջ։ Սա շատ դժվար է տանել, հատկապես, որ մեղադրանքներն անարդար եմ համարում։ Ես ընդունեցի հարվածը, բայց հիմա շատ զայրացած եմ։ Սա սուտ է, ծայրահեղ սուտ։ Ֆուտբոլում շատերն են ինձ ճանաչում, խաղացողներն ինձ ճանաչում են, մարզիչները՝ բոլորը գիտեն, թե ով եմ ես: Դատարանում կբացատրեմ իմ դիրքորոշումը.
ՊՍԺ-ը՞. Այդ շրջանից շատ լավ հիշողություններ ունեմ։ Ես ինձ հարմարավետ էի զգում այս թիմը մարզելիս: Ես ամենից շատ հպարտ եմ նրանով, որ մենք 11-րդ չեմպիոնությունը նվաճեցինք Ֆրանսիայում:
Դրանից հետո ինձ մի փոքր հանգստացրեց այն փաստը, որ որոշ ակումբներ կապվեցին ինձ հետ: Իմ տեղը խաղադաշտում է, ոչ թե հեռուստացույցի դիմաց։ Կարո՞ղ էի անմիջապես վերսկսել աշխատանքս։ Այո, բայց ես դա չէի ուզում: Ինձ ժամանակ էր պետք հանգստանալու և իրավիճակը վերլուծելու համար։ Տեսնում եմ, որ երկուսուկես, երեք ամիս հետո ուզում եմ վերադառնալ։ Ես երիտասարդ եմ և լավ մարզավիճակում եմ: Ես երազելու իրավունք ունեմ»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ Գալտիեն մեղադրվում էր ռասիստական արտահայտությունների մեջ այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին RMC Sport-ը հրապարակեց «Նիսի» այն ժամանակվա մարզական տնօրեն Ժյուլիեն Ֆուրնիեի՝ «Նիսի» գլխավոր բաժնետիրոջն ուղարկված նամակը։ Դրանում ֆունկցիոները խորհրդին հայտնել է ռասիստական և իսլամաֆոբ հայտարարությունների մասին, որոնք իբր Գալտիեն արել է 2021/2022 մրցաշրջանին ընդառաջ թիմի ձևավորման և թիմի ղեկավարման համատեքստում: Նախաքննությունը սկսվել է ապրիլի կեսերին, իսկ «Նիսի» քրեական դատարանում նիստը նշանակված է դեկտեմբերի 15-ին։
























































