«Յուվենտուսը» կքննարկի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիրը խզելու հարցը, եթե կրկնակի անալիզը հաստատի ֆրանսիացու կողմից դոպինգի խախտումը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» այժմ կասեցրել է Պոգբայի աշխատավարձի վճարումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլ Պոգբայի մոտ տեստոստերոնի չափազանց բարձր քանակ է հայտնաբերվել։ Սա մի նյութ է, որը չի կարելի ընդունել առանց բուժական բացառության։ Այսպիսով, Պոգբան կարող է չորս տարվա որակազրկում ստանալ:
Իտալիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի 1-ին տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում ուժերը չափել է «Ուդինեզեի» հետ։ Խաղն ավարտվել է թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Պոգբան խաղադաշտ դուրս չի եկել՝ ամբողջ հանդիպումն անցկացնելով պահեստայինների նստարանին։
Ֆրանսիացին «Յուվենտուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականի հուլիսին։ Այս ընթացքում նա թուրինյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։