ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հյուրընկալվել էին հայազգի հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյանները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ալեկո Էսկանդարյանը ներկայումս զբաղեցնում է MLS-ի՝ ֆուտբոլիստների զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, ժամանակին հանդես է եկել «Դի Սի Յունայթեդ», «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լեյք Սիթի» և այլ ակումբներում, խաղացել է ԱՄՆ մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում:
Նրա հայրը՝ Անդրանիկ էսկանդարյանը, հայազգի եզակի ֆուտբոլիստներից է, ով հանդես է եկել աշխարհի առաջնությունում: Էսկանդարյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի 1978 թ. առաջնությանը:
Նշվում է, որ քննարկվել են ինչպես ՀՖՖ-ի և MLS-ի համապատասխան ստորաբաժանման միջև համագործակցության, այնպես էլ ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները:
ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյաններին: