2023 թվականի Եվրոպայի առաջնությունից վերադարձած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները մայիսի 2-ին Գյումրու համայնքապետարանում ընդունելության են արժանացել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի կողմից:
«Ձեր հաջողությունները տարիների քրտնաջան աշխատանք է, հատկապես, մեր ունեցած սուղ պայմաններում: Ձեզ քաջառողջություն, ձեր ծնողներին շնորհակալություն, որ նման մարդիկ են մեծացրել, ձեր մարզիչներին շնորհակալություն, որ ձեզ նման մարզիկներ ունենք: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, կարողանանք եռապատկել ու քառապատկել մեր մեդալները, մենք էլ մեր հնարավորությունների շրջանակներում կարողանանք լինել ձեր կողքին»,- ասել է Վարդգես Սամսոնյանը:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես են եկել նաև մարզիչները, խոսել մարզադպրոցների պայմանների, դրանց բարելավման համար անհրաժեշտ աշխատանքների մասին, ապա կարևորել համայնքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրությունը և՛ մարզադպրոցներին, և՛ մարզիկներին ու մարզիչներին, պահպանելով ձևավորված ավանդույթը՝ մրցաշարերից վերադառնալուց հետո նրանց ընդունելու, վաստակը գնահատելու ու արժևորելու:
2023 թվականի Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են համայնքի ղեկավարի պատվոգրերով և անվանական ժամացույցներով: