«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա ամերիկացին պատրաստ է տեղափոխվել մանկունիանցիների ճամբար, որոնց գլխավորում է «Այաքսի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը։ Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետն արդեն աշխատել է Դեստի հետ 2018-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, երբ խաղացողը պաշտպանում էր Ամստերդամյան ակումբի գույները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ վարձակալության հիմունքներով։
Դեստը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2020 թվականի աշնանից։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։























































