«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 3-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4-0) գնահատել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը, որն այդ հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել՝ երկրորդ խաղում անընդմեջ.
«Լավ խաղ էր, բայց ոչ իդեալական: «Բարսելոնան» դեռ աճելու տեղ ունի: Առաջին 40 րոպեները մենք շատ լավ անցկացրինք: Երկրորդ կեսը ևս հիանալի սկսեցինք: Օրինակելի խաղ էր, բայց միշտ աճելու տեղ միշտ կա: Մենք պահեր թույլ տվեցինք մեր դարպասին: Թուլանալ չի կարելի, բայց մենք գոհ ենք:
Լևանդովսկի՞ն. նրա խաղում կառանձնացնեմ գոլերը, գնդակ ստանալու համար ժամանակին բացվել կարողանալը, և այն, թե նա ինչպես է փակում գնդակը: Նա ֆենոմենալ խաղացող է, հիանալի, իսկական առաջատար: Հիանալի է նրան թիմում ունենալը. դա օրհնանք է: Նա օրինակ է, ի ծնե առաջատար և իսկական, համեստ տղա, որը գործում է թիմի շահերից: Նա օգնում է մարզչական շտաբին, շփվում է երիտասարդների հետ և տարբերություն է ստեղծում խաղադաշտում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:























































