Ղազախական «Տոբոլը» հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
Արմանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», որի հիմնական կազմում նորամուտը նշել է 2011 թվականին: Մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո Հովհաննիսյանը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
2014 թվականին պաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ», բայց արդեն հաջորդ մրցաշրջանում փոխել է ակումբը`համալրելով «Շիրակի» կազմն ու գյումրեցիների հետ նորից նվաճել Հայաստանի Գավաթը:
2 տարի անց Հովհաննիսյանը հեռացել է Հայաստանի առաջնությունից` պայմանագիր կնքելով ուկրաինական «Զիրկայի» հետ: Հովհաննիսյանի վերջին ակումբները եղել են «Արարատ-Արմենիան» և «Գանձասար-Կապանը»:
Նախորդ մրցաշրջանում Հովհաննիսյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում, որի կազմում 3 հանդիպման է մասնակցել:
Հիշեցնենք` «Տոբոլում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը: