ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի՝ ՀՖՖ 30-ամյակի առթիվ Հայաստան այցելությանն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպական ֆուտբոլային գերտեսչության պաշտոնական կայքը գրել է.
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը այցելել է Հայաստան՝ խոստանալով ՈւԵՖԱ-ի շարունակական աջակցությունը երկրին, երբ այն ձգտում է զարգացնել և ամրապնդել իր ծաղկուն ֆուտբոլային ենթակառուցվածքները թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:
Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում էր՝ մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի տոնակատարություններին։ Բացի ՀՖՖ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումներից, նա հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ։
ՈՒԵՖԱ-ի նախագահը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին հետ մասնակցել է Աբովյանի հիմնանորոգված «Քաղաքային մարզադաշտի» վերաբացման արարողությանը՝ կտրելով կարմիր ժապավենը։ Ի դեպ, մարզադաշտը վերանորոգվել է ՈւԵՖԱ-ի «Հեթ-Թրիկ» զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ: Չեֆերինը ՀՖՖ-ին վստահեցրեց, որ ՈՒԵՖԱ-ն միջոցներ կտրամադրի նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում ազգային ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը կյանքի կոչելու համար:
«ՈւԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, մասնավորապես՝ Արմեն Մելիքբեկյանի և իմ հարաբերությունները չեն կարող ավելի լավ լինել»,- ասաց պարոն Չեֆերինը Աբովյանի մարզադաշտում կայացած միջոցառման ժամանակ։ «Կարծում եմ, որ փոքր երկիր լինելով՝ նման հարմարությունների շնորհիվ կարելի է զարգացնել ֆուտբոլը և մեծացնել դրա ժողովրդականությունը։ ՈւԵՖԱ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Հուսով ենք, որ այս աջակցությունը կհանգեցնի ձեր երկրում նոր ազգային մարզադաշտի կառուցմանը»,- հայտարարեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում ասաց, որ ՀՖՖ-ն նախատեսում է օգտագործել Աբովյանի քաղաքային մարզադաշտը, որը 3100 նստատեղ ունի՝ հայտնելով, որ առաջընթաց է արձանագրվում նաև Հայաստանի մյուս մարզադաշտերի բարելավման ուղղությամբ։ «Հուսով եմ, որ Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքները կավարտվեն հուլիսին»,- պարզաբանեց նա։
«ՀՖՖ-ն նախատեսում է լուսավորության համակարգ տեղադրել Գյումրիի քաղաքային մարզադաշտում, ինչը հնարավորություն կտա երեկոյան ժամերին այնտեղ ֆուտբոլ խաղալ։ Հեռու չէ այն օրը, երբ Գյումրու մարզադաշտում ևս միջազգային հանդիպումներ կանցկացվեն»։
ՀՖՖ-ն ջանասիրաբար աշխատում է Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքը բարելավելու ուղղությամբ՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները՝ ներգրավելով ավելի շատ խաղացողների թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Հայաստանը ֆուտբոլային երկիր է, և ՀՖՖ-ն ցանկանում է նոր տեմպ սահմանել և խրախուսել տեղական թիմերին միջազգային մակարդակով իրացնելու իրենց ներուժը:
Հայաստանն ֆուտբոլային իր նոր ռազմավարությունը սկսել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակցության մակարդակը՝ ուժեղացնելով ժողովրդական, սիրողական և երիտասարդական ֆուտբոլային կառույցները։ Գրանցված խաղացողների թիվը՝ ֆուտբոլում և ֆուտզալում տարեցտարի շարունակում է աճել, քանի որ ասոցիացիան աշխատում է տեղական ակումբների հետ ձեռք ձեռքի տված՝ իրականացնելով լայնածավալ բարեփոխումներ:
Կարևոր խնդիր է երեխաների համար մարզվելու և խաղալու լավ վայրեր գտնելը։ Պիտի նշենք, որ 2021/22 մրցաշրջանում 39 նոր մինի-խաղադաշտերի և տարբեր մարզադաշտերի վերանորոգման շնորհիվ առաջընթացը ճիշտ ուղու վրա է:
ՀՖՖ-ի ծննդյան 30-ամյակի միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ֆուտբոլի ազդեցությունը Հայաստանում։ «Մեզ համար ֆուտբոլը շատ կարևոր է,- ասել է վարչապետը։- Այն ունի տնտեսական, սպորտային, սոցիալ-հոգեբանական, քաղաքական նշանակություն։ Այն ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ թիմային ոգին մի երևույթ է, որն իրապես զարգանալու մեծ ներուժ ունի Հայաստանի Հանրապետությունում,- հավելել է երկրի ղեկավարը։- Մենք պետք է զարգացնենք այս մտածելակերպը, իսկ ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակին հասնելու ճանապարհին։ Ժամանակակից ֆուտբոլը ինստիտուցիոնալ երևույթ է, և ես հույս ունեմ, որ ֆուտբոլի զարգացմամբ Հայաստանում սովորական կդառնա ինստիտուցիոնալ մտածողությունը, վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին»:
ՈՒԵՖԱ-ն վստահելի գործընկեր է.
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանում ֆուտբոլն առաջ տանելու հարցում ցուցաբերած կարևոր օգնության համար:
























































