Ծովագյուղ համայնքում հունիսի 15-ը միշտ կհիշեն որպես անմոռանալի տոն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրման 30-ամյակի առթիվ մեկնարկել է տարբեր միջոցառումների շարք, որոնցից ամենակարևորներից մեկը կայացավ Ծովագյուղում։

Գեղարքունիքի մարզը ներկայացնող համայնքում այսօր պաշտոնապես բացվեց 20×40 ստանդարտներին համապատասխանող խաղադաշտ, որի տրիբունայից ֆանտաստիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։
Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Խաղադաշտի բացումը կայացավ ցուցադրական հանդիպմամբ, որին մասնակցեցին Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը և այլոք:
Խաղացողներից կազմվել էին Հայաստանի լեգենդների թիմը և ՖԻՖԱ-ի լեգենդների թիմը։ Առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի լեգենդների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Ընդհանուր առմամբ 40 րոպե տևած հանդիպումը վերջացավ 8-8 հաշվով։ Ինչպես ասում են՝ հաղթեց ընկերությունը և բարեկամությունը։

Խաղից հետո իր տպավորություններով կիսվեց Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։
«Անչափ հետաքրքիր միջոցառում էր, ինչը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Տեսեք՝ ինչպիսի հյուրեր են եկել։ Այս ամենը հեղափոխական նշանակություն ունի մեր ֆուտբոլի համար, և շատ կարևոր է, որ այս հիանալի նախագիծը կյանքի է կոչվել անչափ գեղեցիկ վայրում»։
Այսպիսին էր հունիսյան հերթական օրը Ծովագյուղի և հայկական ֆուտբոլի համար, որն իրականում ամենևին հերթականը չէր։ Վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք, որ այսքանով ՀՖՖ-ի 30-ամյակին նվիրված միջոցառումները չեն ավարտվում։ Վաղը՝ հունիսի 16-ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի լեգենդների հանդիպումը։
Սուրեն Մելիքսեթյան


































































