Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի եզրափակչից մի քանի օր առաջ պատասխանել է «Լիվերպուլի» իր գործընկեր Մոհամեդ Սալահի հայտարարություններին։
Ավելի վաղ Սալահը, կիսվելով հանդիպումից իր ակնկալիքներով, ասել էր, որ «կարմիրները» պատրաստ են վրեժխնդիր լինել սերուցքայիններից 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության համար (1:3): Ինքը՝ Սալահը, վնասվածք ստացավ այդ խաղում և փոխարինվեց առաջին խաղակեսում։
«Լիվերպուլը» չափազանց մեծ վստահություն ունի. միգուցե նրանք կարծում են, որ արդեն հաղթել են խաղը, գուցե մտածում են, որ «Ռեալը» նախկինի նման չէ, որ իրենք ֆավորիտ են։ Սալահը կարող է ասել այն, ինչ ցանկանում է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: