«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից (0:2) հետո դժգոհություն է հայտնել VAR-ի մրցավար Լուկա Բանտիի աշխատանքից, ով հուշել է մրցավարին 11 մետրանոց նշանակել։
«Այս գիշեր մենք կրկնակի բացատրություն ունենք. ակնհայտ է, որ հինգշաբթի կայացած խաղից հետո մենք հաստատ ֆիզիկական ու մտավոր էներգիայի պակաս ունենք մրցակցի համեմատ, որը մի ամբողջ շաբաթ ուներ պատրաստվելու։
Բայց ես ուզում եմ պարզաբանում լսել պարոն Բանտիից։ Ես արդեն տեսել եմ դրվագի կրկնությունը, սա հպում է, ոչ թե խախտում: Մրցավարը տեղում էր և 11 մետրանոց չնշանակեց, բայց պարոն Բանտին միջամտեց:
«Ֆիորենտինան» ավելի ուժեղ էր նույնիսկ առանց 11 մետրանոցների. Նա խաղում էր այլ տեմպով և կենտրոնացվածությամբ, ուստի արժանի էր հաղթանակի: Խնդիրն այն է, որ խոսքը ոչ միայն այս երեք դրվագների մասին է, այլև բազմաթիվ իրավիճակների, որոնց բացատրությունը չունենք։
Ինչու՞ VAR-ը ազդանշան տվեց մրցավարին, ով 10 մետր հեռավորության վրա էր ու հստակ տեսավ, որ դա 11 մետրանոց չէ։ Ինչո՞ւ։ Սրանք այն բացատրություններն են, որոնք մենք ցանկանում ենք, և որոնք չունենք»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում DAZN-ը: