Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել է Չարենցավանի «Վանին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Ի դեպ, հյուրերը պարտությունից խուսափել են 90+6+-րդ րոպեին գրանցված ինքնագոլի շնորհիվ:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին հեղինակել է բանակայինների 23-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանը:
Խաղի վերջին վայրկյաններին էլ «Վանի» խաղարկած անկյունայինի արդյունքում ԲԿՄԱ-ի պաշտպան Ալբերտ Խաչումյանն անզգուշորեն գրավել է սեփական դարպասը՝ 1-1:
Այս հանդիպումից հետո ԲԿՄԱ-ն շարունակում է եզրափակել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր, իսկ «Վանը» 19 միավորով 8-րդ տեղում է:
Այսօր երեկոյան կկայանա 31-րդ տուրի վերջին հանդիպումը, որում միմյանց հետ կմրցեն «Փյունիկն« ու «Նոան»: Խաղը կմեկնարկի ժամը 19:30-ին և կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՀՊԼ 31-րդ տուրի մյուս խաղերում «Արարատ-Արմենիան» ավելի վաղ 2-0 հաշվով հաղթել էր «Նորավանքին», իսկ «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» ոչ-ոքի էին խաղացել (1-1):