Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և դուրս եկավ եզրափակիչ։
«Դեղին սուզանավը» մոտ էր հերթական սխրանքը գործելուն, բայց այս անգամ մինչև վերջ չկարողացավ ավարտին հասցնել սկսածը։ Առաջին կեսում Ունայ Էմերիի սաները հաղթեցին 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձան Բուլայե Դիան և Ֆրենսիս Կոկլենը։
Երկրորդ խաղակեսում մերսիսայդցիները կերպարանափոխվեցին և հաղթանակի հասան նաև պատասխան խաղում։ Գոլի հեղինակ դարձան Ֆաբինյոն, փոխարինման մտած Լուիս Դիասը և Սադիո Մանեն։
Հարկ է նշել, որ բաց թողած գոլերից երկուսում իր մեղքի բաժինն ուներ իսպանական ակումբի դարպասապահ Խերոնիմո Ռուլլին։ 86-րդ րոպեին «Վիլյառեալի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Էթիեն Կապուն։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Յուրգեն Կլոպի թիմն առավելության էր հասել 2-0 հաշվով։ Եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը, երբ տեղի ունենա «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։