«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն լաց է եղել Ա Սերիայի 33-րդ տուրում «Ռոմայի» հետ անցկացրած խաղից հետո: Հանդիպումը կայացել է Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Խաղից հետո Ինսինյեն վերջինն է լքել խաղադաշտը և չի կարողացել զսպել արցունքները:
Նշենք՝ «Նապոլիի» կազմում հենց Ինսինյեն է դարձել գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: «Ռոման» պարտությունից կարողացել է խուսափել 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
«Նապոլին» 67 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ռոման» 58 միավորով 5-րդ տեղում է: Առաջատարը «Միլանն» է (71):
Հիշեցնենք՝ 2022 թվականի ամառվանից Ինսինյեն հանդես կգա MLS-ը ներկայացնող «Տորոնտո» ակումբում: Հյուսիսամերիկյան թիմի հետ նա 4 տարվա պայմանագիր է կնքել: