«Միլանը» պատրաստ է ամառային տրանսֆերների վրա ծախսել մինչև 100 միլիոն եվրո։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սա իտալական ակումբի ղեկավարության սահմանած գումարն է որպես սահմանաչափ։ Հավանաբար, ամառային պատուհանի ժամանակ «Միլանի» առաջին տրանսֆերը կլինի «Լիլի» պաշտպան Սվեն Բոտմանը, նրա համար կվճարեն 25-30 միլիոն եվրո։
«Լիլի» մեկ այլ խաղացող՝ Ռենատո Սանչեշը ևս «Միլանի» գլխավոր նպատակներից մեկն է։ Նրա համար ակումբը ստիպված կլինի վճարել մոտավորապես նույնքան, որքան Բոտմանի համար, բայց «Միլանը» փորձում է բանակցել «Լիլի» հետ՝ գինը նվազեցնելու համար:
Հարձակումն ուժեղացնելու համար «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյից» Ջանլուկա Սկամակային: «Սասուոլոն» 23-ամյա հարձակվողի համար ցանկանում է 40 միլիոն եվրո։
Նշվում է, որ Սկամակայի հնարավոր տրանսֆերը չի բացառում «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագրի ստորագրումը, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։ «Միլանը» մոտ է բելգիացու հետ համաձայնության գալուն։























































