«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղի ակնկալիքներից։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
«Ես հստակ գաղափարներ ունեմ, հուսով եմ, որ ամեն ինչ ճիշտ կանեմ։ Թիմն իրեն լավ է զգում։ Սա մրցաշրջանում որոշիչ պահ է։
Մենք պետք է եզրափակիչ դուրս գալու ձգտում ունենանք, դա մեր նպատակն է, դրա համար էլ պետք է ձգտենք դրան։ Եթե մենք լավն ենք ու հաջողակ, գլուխ կբերենք, եթե մյուսները մեզնից լավն են, գլուխ չենք բերի։ Վաղվա խաղը եզրափակիչ է, որը մենք տանն ենք անցկացնում։
Վլահովիչը կխաղա, Մորատան լավ մարզավիճակում է։ Նրան միշտ քննադատել են՝ չնայած նրան, որ նա իր միակ դիրքում չի խաղացել։ Գոհ եմ նրանից։
Մենք դեռ ոչինչ չենք արել։ Չենք կարող կորցնել հավասարակշռությունը, պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա ու քայլ առ քայլ շարժվենք։ Մենք այստեղ ենք, լի ենք ադրենալինով, երկրպագուները պետք է օգնեն մեզ։
«Վիլյառեալը» լավ մարզիչ ունեցող փորձառու թիմ է։ Նրանց դեմ պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տանք ու լավ պատրաստվենք խաղին»,-Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Յուվենտուս»-«Վիլյառեալ» խաղը կկայանա մարտի 16-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
























































