Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը, ով այժմ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզչական շտաբում, զրկվել է պետական պարգևներից և տիտղոսներից։ Այդ մասին հայտնում է ISport.ua-ն։
Ուկրաինայի ֆուտբոլային միության (UAF) վերահսկիչ և կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Անատոլի Տիմոշչուկի նկատմամբ։
Հանձնաժողովը որոշել է.
✅ Տիմոշչուկին զրկել UAF-ի արտոնագրման կենտրոնի կողմից տրված պրոֆեսիոնալ կարգի մարզչական արտոնագրից։
✅ Հանձնարարել UAF-ի վարչակազմին դիմել պետական մարմիններին Տիմոշչուկին պետական բոլոր պարգևներից և պատվավոր կոչումներից զրկելու վերաբերյալ։
✅ Զրկել Ուկրաինայի առաջնության, Ուկրաինայի գավաթի, Ուկրաինայի սուպերգավաթի հաղթողի և արծաթե բոլոր մեդալներից։
✅ Հեռացնել Տիմոշչուկին UAF ազգային հավաքականների խաղացողների պաշտոնական գրանցամատյանից։
✅ Ցմահ արգելել զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ Ուկրաինայի տարածքում։
42-ամյա Տիմոշչուկը Ուկրաինայի հավաքականի կազմում հանդիպումների քանակով ռեկորդակիրն է (144): Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Վոլինում», Դոնեցկի «Շախտյորում», «Զենիթում», «Բավարիայում» և «Կայրաթում»։ 2017 թվականի փետրվարին՝ ավարտելով իր խաղային կարիերան, Տիմոշչուկը ստացել է «Պրո» մարզչական արտոնագիր և միացել «Զենիթի» մարզչական շտաբին։
























































