«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն զվարճացրել է իր թիմի երկրպագուներին անգլիական Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2:0):
39-րդ րոպեին «Սիթին» 11-մետրանոց է վաստակել: Գնդակին մոտեցել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, սակայն դարպասապահ Ուգո Լյորիսը կարողացել է հետ մղել նրա հարվածը: Այդ դրվագում Ռահիմ Սթերլինգը, դիմելով սիմուլյացիայի, փորձել է երկրորդ 11-մետրանոցը վաստակել: Գլխավոր մրցավարը, դիմելով VAR-ի օգնությանը, չի նշանակել 11-մետրանոցը:
Մոուրինյուն, լսելով որոշումը, ծիծաղել և նստել է պահեստայինների նստարանին, բայց հետո պորտուգալացու օգնականը հիշել է, որ Սթերլինգն արդեն 1 դեղին քարտ ունի, ու հուշել է` ֆուտբոլիստը պետք է հեռացվի խաղադաշտից սիմուլյացիայի համար: Ժոզեն անմիջապես փոխել է տրամադրությունն ու շտապել պահեստային մրցավարի մոտ, ինչից հետո սկսել է բողոքարկել նաև գլխավոր մրցավարին: Մոուրինյուի էմոցիոնալ պահվածքի տեսանյութն արդեն ավելի քան 9 մլն դիտում ունի:
«Մենք արժանի չենք Ժոզե Մոուրինյուի նման մարզչի»,- գրել է երկրպագուներից մեկը սոցիալական ցանցի իր էջում:
«Չեմ դադարում ծիծաղել: Տեսեք` մրցավարն ինչպես է սկսում փախչել Մոուրինյուից»,- գրել է մեկ այլ երկրպագու:
«Ոչ մի մարզիչ ֆուտբոլն Անգլիայում ֆուտբոլն այսքան ուրախ ու միաժամանակ լուրջ չի դարձնում: Երբեք մի’ փոխվիր, Ժոզե»,- գրել է մեկ այլ օգտատեր: