Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում մեկնարկեց երրորդ տուրը։
Բուրկինա Ֆասոյի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Եթովպիայի հետ։ 24-րդ րոպեին Բուրկինա Ֆասոյին հաշվի մեջ առաջ մղեց Սիրիլ Բայալան։ 52-րդ րոպեին Գետանե Կեբեդեն խփեց պատասխան գոլը։ Բուրկինա Ֆասոյի կազմում 76-րդ րոպեին փոխարինման մտավ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն։
Կաբո Վերդեն նույն հաշվով ոչ-ոքի խաղաց Կամերունի հետ։ 39-րդ րոպեին Կամերունին առաջ մղեց Վենսան Աբուբակարը, իսկ 53-րդ րոպեին Գարի Ռոդրիգեսը հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, Կամերունը վաստակեց յոթ միավոր և խմբում գրավեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ Բուրկինա Ֆասոն վաստակեց չորս միավոր և գրավեց երկրորդ հորիզոնականը՝ կրկին վաստակելով ուղեգիր։
Ըստ կանոնադրության՝ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճելու նաև վեց խմբերում լավագույն արդյունք ունեցող չորս հավաքականները, որոնք զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։ Եվ այդ ցուցակում Կաբո Վերդեն այս պահին առաջին տեղում է։