Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանին իրավունք է շնորհել կազմակերպելու և անցկացնելու 2022թ.-ի KWU վարկածով Եվրոպայի մանկապատանեկան առաջնությունը:
Հայաստանի Կիոկուշին կարատեի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանն ArmSport-ի հետ զրույցում ընդգծում է, որ սա իրենց ֆեդերացիայի համար մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն է։
«2012 և 2018 թվականներին Երևանում արդեն անցկացրել ենք մեծահասակների Եվրոպայի առաջնություն, վերջին առաջնությանը եվրոպական 27 երկրի 700 մարզիկ մասնակցեց, ինչը հիանալի ցուցանիշ է: Կազմակերպչական առումով ամեն ինչ հիանալի էր ստացվել, միջազգային ֆեդերացիան շատ տպավորված էր այդ ամենով: Առհասարակ, մեր ֆեդերացիայի կազմակերպած առաջնությունները մշտապես առանձնացել են իրենց բարձր մակարդակով, ու նաև այս ամենի շնորհիվ միջազգային ֆեդերացիան որոշեց՝ 2022 թվականի պատանեկան առաջնության անցկացումը ևս մեզ վստահել:



Մրցաշարը կկայանա հաջորդ տարվա ապրիլի սկզբին՝ 12-17 տարեկան տղաների և աղջիկների միջև: Դեռևս դժվար է ասել, թե քանի մասնակից կունենանք և որ երկրները ցանկություն կհայտնեն մասնակցելու, քանի որ չգիտենք՝ համաճարակային ինչ իրավիճակ կլինի, բայց ամեն դեպքում վստահ եմ՝ առաջնությունը կանցկացնենք ամենաբարձր մակարդակով:
Մեզ համար սա շատ կարևոր առաջնություն է. Անդրկովկասում KWU-ն երբեք չի անցկացրել Եվրոպայի պատանեկան առաջնություն ու առաջինը մենք կլինենք այդ մրցաշարի ընդունող երկիրը, ինչը միայն հպարտության առիթ է»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը:
Հակոբյանը նշում է՝ իրենք արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները.
«Այս պահին մենք ընտրում ենք մարզադահլիճ, որտեղ կանցկացնենք առաջնությունը: Մոտ ժամանակներս արդեն վերջնականապես կկողմնորոշվենք մարզադահլիճի ընտրության հարցում ու կսահմանենք ԵԱ-ի անցկացման կոնկրետ ժամկետները»:
Որպես ընդունող երկիր՝ Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությանը կարող է մասնակցել կրկնակի հավաքականով, ինչն Անդրանիկ Հակոբյանի խոսքով, մեծ փորձ կտա մեր պատանի մարզիկներին: Բայց սա դեռևս քննարկման փուլում է:
Հայաստանի Կիոկուշին կարատեի հիմնադիր-նախագահն ասում է՝ սա Հայաստանի համար էլ է մեծ իրադարձություն՝ ինչու ոչ նաև զբոսաշրջության առումով, քանի որ օրինակ նախորդ առաջնությանն ավելի քան հազար մարդ էր ժամանել Հայաստան:
Անդրանիկ Հակոբյանն ասում է՝ մեր երկրում Կիոկուշին կարատեն շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչը շատ ուրախացնող փաստ է։
«Աստիճանաբար շատ ավելի մեծ թվով երեխաներ են սկսել զբաղվել Կիոնուշին կարատեով, ինչը շատ կարևոր է: Այս մարզաձևը երեխաներին՝ բացի ֆիզիկական կոփվածությունից, դաստիարակում է նաև հոգեբանորեն ու օգնում նրանց ձևավորվել որպես անհատականություններ: Երեխաներին օգնում է լինել ավելի կարգապահ, նպատակասլաց և, իհարկե, ավելի ուժեղ ֆիզիկապես:
Կարծում եմ՝ մեր երկրի համար շատ կարևոր են հենց մարտարվեստները ու պետք է ավելի մեծ ուշադրության արժանանան: Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով ու եթե մեր ազգի գոնե 70%-ը պատրաստ լինի՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ, շատ ավելի լավ կլինի: Ժամանակին ես մարզել եմ նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ու շատ կարևորում եմ համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Սա կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել, քանի որ մեր սաները հետագայում դառնալու են մեր զինվորները, ու նրանք որքան ամուր լինեն, մենք ավելի պատրաստ և ուժեղ կլինենք: Հորդորում եմ երեխաներին ու նրանց ծնողներին ավելի լուրջ ուշադրություն դարձնեն սպորտի կարևորության հանգամանքին»,- ընդգծում է Անդրանիկ Հակոբյանը:
Հակոբյանը, վկայակոչելով նաև աշխարհի օրինակը, ընդգծում է՝ մարզաձևում ավելի լուրջ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն ստանալ.
«Ճիշտ է՝ 2017 թվականից մենք պետության կողմից ունենք ճանաչում, մեկ տարի նաև ֆինանսական աջակցություն ստացանք, բայց ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց ֆինանսավորումը։ Իհարկե, ֆինանսավորումը չէ միակ կարևոր հարցը, բայց ամեն դեպքում արևելյան մարտարվեստներին բավարար ուշադրություն պետության մակարդակով անհրաժեշտ է: Պետք է կարևորենք սպորտը, կրթությունը և մշակույթը, եթե ցանկանում ենք ուժեղ երկիր ունենալ»:
Եվրոպայի 2022 թվականի մանկապատանեկան առաջնությունը ևս անցկացվելու է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի միջոցներով.
«Իհարկե դիմելու եմ համապատասխան մարմիններին, բայց չգիտեմ՝ ովքեր կաջակցեն մեզ: Այդուհանդերձ, այն հանգամանքը, որ ԵԱ-ի անցկացումը մեզ է վստահվել, արդեն իսկ հպարտության մեծ առիթ է, ու այն ամեն գնով պետք է կազմակերպել»,- եզրափակում է իր խոսքը Անդրանիկ Հակոբյանը: