Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, Էդգար Մանուչարյանի հեղինակային հաղորդման ընթացքում, խոսել է կարիերայում սպասվելիք հնարավոր փոփոխությունների մասին։
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հարոյանի՝ իսպանական «Կադիս» տեղափոխությունը գրեթե կայացած փաստ է։ 28-ամյա ֆուտբոլիստը, չցանկանալով շատ մանրամասներ բացահայտել, ասել է՝ մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի․
«Ինչ վերաբերում է հետագային, տարբերակներ կան, մոտ օրերս ավելի պարզ կլինի ու բոլորն էլ կիմանան։ Չեմ ուզում ինչ-որ բան թաքցնել, չեմ էլ ուզում ինչ-որ բան ասել, բայց մոտ օրերս ավելի պարզ կլինի։ Տարբերակներ կան, այսպես կարող եմ ասել»,- ասել է Հարոյանը։
Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև ղազախական «Աստանայի» ելույթների մասին․
«Ամեն ինչ նորմալ է։ Ես կասեի՝ ամեն ինչ շատ լավ է։ 10 խաղ ենք խաղացել, Փառք Աստծո՝ դեռ պարտություն չենք կրել․ 2 ոչ-ոքի ենք խաղացել ու 8 հաղթանակ ենք տարել։ Թիմը շատ լավն է, քաղաքը՝ ևս։ Միայն լավը կարող եմ ասել։
«Աստանան» ուժեղ ակումբ է, ունի մեծ պատմություն, ղազախական ֆուտբոլի պատմությունը հենց «Աստանայի» հետ է կապված։ Լավ թիմ է, լավ մարզիչով, ընթանում ենք առաջին հորիզոնականով։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ պետք է լինի»,- ասել է Վարազդատ Հարոյանը։