Պատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը՝ «Փյունիկն» ու «Ուրարտուն» ընկերական խաղ են անցկացրել։ 2021 թվականի առաջին խաղում թիմերը գոլառատ ոչ-ոքի են խաղացել՝ 2-2։ Ջոնել Դեսիրեն ու Էդգար Գրիգորյանն աչքի են ընկել «Ուրարտուից», իսկ Լևոն Վարդանյանն ու Արտյոմ Ավանեսյանը՝ «Փյունիկից»:
Առաջին խաղակեսն անցել է «Ուրարտուի» առավելությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացել են 2 գոլ խփել․ նախ՝ անհատական անցումից հետո աչքի է ընկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, իսկ 11 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը կրկնապատկել է Էդգար Գրիգորյանը։ Մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կրճատել են հաշիվը։ Գոլի հեղինակ է դարձել Լևոն Վարդանյանը։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ստուգողական հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 23-ին՝ սեփական մարզաբազայում ընդունելով Երևանի «Արարատին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։ Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 24-ին՝ մրցելով «Վանի» հետ։ Ի դեպ, սա Մելիքյանի առաջին հանդիպումն էր երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՓՅՈՒՆԻԿ» 2-2
1-0 Ջոնել Դեսիրե (16’), 2-0 Էդգար Գրիգորյան (27’), 2-1 Լևոն Վարդանյան (41’), 2-2 Արտյոմ Ավանեսյան (53’)