Ֆուտբոլի Հայաստանի Vber Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Գանձասար-Կապանը» նվաագույն հաշվով հաղթել է «Լոռիին»: Խաղի ընթացքում վիճելի դրվագ է տեղի ունեցել: Վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:
«Լոռի ՖԱ-ն այսօր առարկություն է ներկայացրել ՀՖՖ` երեկ կայացած Գանձասար-Կապան — Լոռի ՖԱ խաղում մրցավարի կայացրած որոշման վերաբերյալ։
Հանդիպման 84-րդ րոպեին գնդակը մրցակցի տուգանային հրապարակում դիպչում է մրցակցի ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանի ձեռքին, որը գտնվում է ոչ բնական դիրքում։ Մրցավար Զավեն Հովհաննիսյանը չնշանակեց 11 մետրանոց հարվածը, ինչը որոշիչ ազդեցություն ունեցավ հանդիպման վերջնական արդյունքի վրա։
Ցանկանում ենք ընդգծել նաեւ, որ 2020 թվականի ընթացքում Լոռի ՖԱ-ի օգտին 11 մետրանոց առհասարակ չի նշանակվել, թեպետ եղել են բազմաթիվ դրվագներ։ Մասնավորապես՝ ընթացիկ մրցաշրջանի Լոռի — Վան եւ Լոռի — Փյունիկ խաղերում»,-ասված է հայտարարության մեջ։