Հոկեյի ազգային լիգան (NHL) կվերսկսի մրցաշրջանը 24 թիմերով՝ փլեյ-օֆֆ ձևաչափով: Այս մասին հայտարարել է Լիգայի հանձնակատար Գարի Բետմանը: Հեռարձակումն իրականացվել է NHL-ի YouTube ալիքով:
NHL-ի կանոնավոր մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 13-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն չի խաղարկվի և այժմ պաշտոնապես ավարտված է: Փլեյ-օֆֆի խաղերին մասնակցելու են յուրաքանչյուր կոնֆերանսի 12 թիմեր՝ ունենալով վաստակած միավորների լավագույն միջին տոկոսը:
Խաղերն անցկացվելու են երկու քաղաքներում: Ներկայումս քննարկվում են տասը տարբերակ ՝ ներառյալ Չիկագո, Կոլումբուս, Դալլաս, Էդմոնտոն, Լաս Վեգաս, Լոս Անջելես, Միննեապոլիս, Պիտսբուրգ, Տորոնտո և Վանքուվեր:
Ավելի վաղ NHL-ի խաղացողների միությունը հաստատել էր փլեյ-օֆֆի ձևաչափը`24 թիմերով:
Ավանդաբար, Ստենլիի գավաթի խաղարկությանը մասնակցում է 16 թիմ, որոնք որոշվում են NHL-ի կանոնավոր մրցաշրջանի արդյունքներով: