Անգլիական մի շարք ակումբների և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հավակնել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի կոչմանը։
«Գիտեմ, որ Կրիշտիանուն տխրում է, երբ իրեն չեն հիշատակում պատմության լավագույնի համատեքստում, բայց պետք է անկեղծ լինել։ Նա անհավանական է, պարզապես անհավանական։ Ոչ մի կասկած չկա, որ նա պատմության մեծագույններից մեկն է։ Գոլային ցուցանիշներով նա և Մեսին շատ մոտ են։ Բայց Ռոնալդուն ի վիճակի չէ անել այլ բաներ։ Նա չի կարող շրջանցել չորս խաղացողի, դաշտի կենտրոնում դուրս պրծնել շրջափակումից այնպես, որ դու բացականչես՝ «ինչպե՞ս նա դա արեց»։ Նա դա չի կարող… Նա չունի դաշտը տեսնելու այն ունակությունը, որն ուներ Մարադոնան և ունի Մեսսին։
Ես նույնիսկ բրազիլացի Ռոնալդոյին մի փոքր ավելի բարձր կդասեի Կրիշտիանուից։ Ես այս խաղացողներին կդնեի մոտավորապես նույն հարթության վրա, ինչ Զիդանին, Նեյմարին և Մբապեին, թեև վերջինս դեռ նոր պետք է մտնի նման ֆուտբոլիստների շարքը»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում The Touchline-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում «Ոսկե գնդակին» արժանացել է 5 անգամ, մինչդեռ Լիոնել Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նվաճել է ռեկորդային՝ 8 անգամ։




























































