Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վստահ ելույթները Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում՝ արդարացնելով «Ալ Ահլիի» գլխավոր հույսերը մրցաշրջանի բարդ մեկնարկում:
Արաբական հեղինակավոր WinWin պարբերականը ծավալուն հոդված է նվիրել հայ ֆուտբոլիստին՝ ընդգծելով վերջինիս բացառիկ ազդեցությունը թիմի խաղի վրա:
Ուրբաթ երեկոյան կայացած «Ալ Ռիադի» դեմ Պրո լիգայի 5-րդ տուրի խաղում Սպերցյանը դարձավ հիանալի գոլի հեղինակ: Հանդիպման 43-րդ րոպեին նա ձախ եզրից կատարված փոխանցումից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հերթական անգամ ապացուցելով, որ ունակ է ամենաանհավանական պահերն անգամ վերածել գոլի:
Ըստ պարբերականի՝ սա պարզապես հերթական դիպուկ հարվածը չէր. Սպերցյանն արդեն դարձել է թիմի օղակները կապող գլխավոր խաղացողներից մեկը: «Ալ Ահլին» այս մրցաշրջանում բախվել է կադրային և մարզչական փոփոխությունների, և հայ կիսապաշտպանն այն փրկօղակն է, որը կայունություն ու հույս է հաղորդում ակումբին խաղադաշտում:
Նշվում է նաև Opta-ի ուշագրավ վիճակագրությունը. «Ալ Ռիադի» դեմ խաղի առաջին կեսում գոլի հեղինակ դարձան երեք տարբեր լեգեոնականներ՝ Իվան Տոունին, Էդուարդ Սպերցյանը և Տրինկաուն: Նման ցուցանիշ ակումբի պատմության մեջ չէր գրանցվել 2009/10 մրցաշրջանից ի վեր:
Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 6 հանդիպումներում արդեն գրանցել է 6 արդյունավետ գործողություն (3 գոլ, 3 գոլային փոխանցում)՝ կարճ ժամանակահատվածում վերածվելով թիմի գլխավոր հարձակողական զենքի:
«Առանձին թվերը չեն կարող ամբողջությամբ նկարագրել ֆուտբոլիստի արժեքը: Սպերցյանի դերը մեծ է գրոհների կառուցման և թիմի ռիթմը թելադրելու հարցում: Նա սկսել է գրել իր սեփական պատմությունը Սաուդյան Արաբիայում և առաջիկա ամիսներին նորեկից կարող է վերածվել ակումբի գլխավոր հենասյուներից մեկի»,- եզրափակում է աղբյուրը:


























































