Կոսովոյում ընթացող ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթների շարքը։
Մրցումային հերթական օրը փայլուն արդյունք գրանցեց պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Պետրոսյանը՝ հռչակվելով Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջորդաբար և հաջողությամբ գլխավերևում պահեց 102 կգ, 105 կգ և 108 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Պետրոսյանը նախ բարձրացրեց 127 կգ, ապա՝ 133 կգ՝ այս ձևում ևս կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Երկամարտի 241 կգ արդյունքով հայ մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության գլխավոր արծաթե մեդալը։
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը ևս աչքի ընկավ վստահ մրցելույթով։ Պոկում վարժությունում նա գրանցեց 100 կգ և 103 կգ արդյունք, իսկ հրումում գլխավերևում պահեց 121 կգ և 125 կգ ծանրաձողերը։ Երկամարտի 228 կգ ընդհանուր արդյունքով Հարությունյանը գրավեց 4-րդ հորիզոնականը՝ կանգ առնելով մեդալին շատ մոտ։
























































