Քիչ առաջ Մոսկվայում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան։
Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար լեգենդար մարզիկին պարգևատրելու հրամանագիրը Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր դեռևս այս տարվա հուլիս ամսին։
ՀՀ Վարչապետը Մոսկվա է ժամանել ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
ԽՍՀՄ բազմակի և Օլիմպիական չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՄՕԿ-ի ոսկե շքանշանի ասպետ և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վարչապետ Փաշինյանը պետական պարգևը հանձնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր պայմաններում։

Վաստակավոր մարզիչը, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ․ դարձավ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր, մինչ այս արժանացել է Հայաստանի պետական տարբեր պարգևների․ Պատվո շքանշան՝ 2011թ․, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ՝ 2013թ․։