Պորտուգալիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսն ազգային թիմի ղեկին իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հավաքական հրավիրելու հարցին։ Պորտուգալացի մասնագետը հասկացրել է, որ լեգենդար ֆուտբոլիստի համար դռները բաց են։
«Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ։ Նա երբեք խնդիր չի լինի ո՛չ հավաքականի, ո՛չ էլ ինձ համար։ Յուրաքանչյուրն իրավունք ունի յուրովի վերաբերվել նրան որպես ֆուտբոլիստի և նրա շուրջ ստեղծված խոսակցություններին։
Երբ որևէ որոշում կայացնելու անհրաժեշտություն լինի, ես կխոսեմ նրա հետ, բայց ոչ միայն նրա․ ես անհատական զրույցներ կունենամ բոլորի հետ։ Նա պորտուգալական ֆուտբոլի, հավաքականի և ամբողջ Պորտուգալիայի խորհրդանիշն է, ինչը հավերժ կմնա պատմության մեջ։
Ինձ համար մեծ հաճույք է եղել աշխատել նրա հետ։ Ռոնալդուի հետ չափազանց հեշտ է աշխատել, եթե նա հասկանում է՝ որտեղ են անցնում սահմանները։ Գիտեմ, որ նա ցանկանում է շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։ Քանի դեռ նա խաղում է և համապատասխանում է հավաքական հրավիրվելու չափանիշներին, ես կհրավիրեմ նրան՝ այն դերով ու պայմաններով, որոնք լավագույնը կհամարեմ թիմի համար»,- հայտարարել է Ժեսուսը։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից։ Այդ հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում վերջինն էր աշխարհի առաջնություններում՝ որպես ֆուտբոլիստ։ Լեգենդար հարձակվողն իր կարիերայի ընթացքում մասնակցել է ռեկորդային 6 Մունդիալի՝ դառնալով 11 գոլի հեղինակ։



























































