Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը 40 տարեկանում պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Փորձառու գոլահարը 2015-ից 2026 թվականներին հանդես էր գալիս մեքսիկական «Տիգրես ՈՒԱՆԼ» ակումբում։ Այդ ընթացքում նա թիմի մարզաշապիկով անցկացրել է 445 հանդիպում և դարձել 222 գոլի հեղինակ։ Մեքսիկական ակումբի հետ Ժինյակը գրանցել է տպավորիչ նվաճումներ՝ հինգ անգամ հռչակվելով Մեքսիկայի չեմպիոն, չորս անգամ նվաճելով երկրի Սուպերգավաթը, երկու անգամ հաղթելով Կամպեոնեսի գավաթի խաղարկությունում և մեկ անգամ բարձրացնելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթը։
Իր հարուստ ֆուտբոլային ուղու ընթացքում հարձակվողը հասցրել է պաշտպանել նաև ֆրանսիական «Լորյանի», «Պոյի», «Թուլուզի» և «Մարսելի» գույները։ Վերջինիս կազմում նրան հաջողվել է երկու անգամ դառնալ Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթակիր։
Անդրե-Պիեր Ժինյակը 2009-ից մինչև 2016 թվականը պարբերաբար հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում «եռագույնների» կազմում դարձել է փոխչեմպիոն։ Ազգային թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 36 հանդիպում և խփել 7 գնդակ։ Հատկանշական է նաև, որ 2021 թվականին ֆուտբոլիստը մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ երեք հանդիպումներում աչքի ընկնելով չորս խփված գնդակով։




























































