Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե դիտարկում է ակումբից հեռանալու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում մարզական մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում հոլանդացի մասնագետի և «կարմիրների» հնարավոր բաժանման մասին։ Խոսակցություններ կային նաև, որ անհաջող մրցաշրջանից հետո մարզիչն ինքն էլ մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը։
Անդրադառնալով այս խոսակցություններին՝ մասնագետը հանդես է եկել հստակ պարզաբանմամբ.
«Ես միշտ ցանկացել եմ մնալ և ոչ մի անգամ չեմ մտածել հեռանալու մասին։ Ինչպես արդեն 150 անգամ ասել եմ, կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք շատ ավելի լավ վիճակում կլինենք, քան հիմա։ Սա իմ մարզչական կարիերայի առաջին մրցաշրջանն է, երբ չենք պայքարում տիտղոսների համար։
Նախկինում միայն մեկ անգամ էի մնացել առանց տիտղոսների, ուստի ինձ համար սա այնքան էլ սովորական իրավիճակ չէ։ Բայց հեռանալու միտքն ընդհանրապես չի ծագել իմ գլխում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Anfield Sector-ը։
Հիշեցնենք, որ 47-ամյա մարզչի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։




























































