Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում խիստ անհանգիստ մթնոլորտ է։ Վերջին օրերին իսպանական մամուլը բացահայտել է ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած միանգամից երկու լուրջ կոնֆլիկտ։ Չորեքշաբթի կայացած մարզման ժամանակ բանը գրեթե հասել է ծեծկռտուքի Օրելյեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի միջև։
«Արքայական ակումբն» ակնհայտորեն բարդ շրջան է ապրում, իսկ թիմի ներսում պառակտումն ավելի ու ավելի նկատելի է դառնում։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, կոլեկտիվում ձևավորվել են խաղացողների առանձին խմբավորումներ, որոնք գրեթե չեն շփվում միմյանց հետ։
Բացի այդ, ծայրահեղ լարված են հարաբերությունները մարզչական շտաբի անդամ Ալվարո Արբելոայի հետ։ «Իրավիճակն այնքան է սրվել, որ մոտ վեց ֆուտբոլիստ ընդհանրապես չի խոսում նրա հետ»,- նշվում է իսպանական պարբերականի հոդվածում։
Հատկանշական է, որ այս պայթյունավտանգ և լարված իրավիճակում մադրիդյան թիմը պատրաստվում է մրցաշրջանի առանցքային հանդիպումներից մեկին. կիրակի՝ մայիսի 10-ին, «Ռեալն» արտագնա խաղում ուժերը կչափի ոխերիմ թշնամու՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ։



























































