«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պարզաբանել է, թե ինչու է թիմի առաջատար և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին փոխարինել երկրորդ խաղում անընդմեջ։
«Սև-կանաչների» գլխավոր մարզիչն այս թեմայով լրագրողների հարցերին պատասխանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 27-րդ տուրի՝ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ կայացած խաղից հետո (2:1):
«Այո, նա պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց գրաֆիկը բարդ է, շատ բարդ։ Եվ նրա դիրքը մեծ էներգիա է պահանջում։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը մեծ ծավալի աշխատանք է կատարում՝ չնայած նրան, որ ամեն խաղում հանդես է գալիս որպես «տասը համար»։ Պարզապես պետք էր, ըստ իս, մի փոքր թարմացնել դաշտի կենտրոնը, բայց չէի ցանկանում խաղադաշտից հանել «ութ» և «վեց» համարներին՝ Քևին Լենինիին և Նիկիտա Կրիվցովին։ Ուստի թիմի համար այդպես էր պետք։
Էդիկը մեր առաջատարն է, նա առաջնության լավագույն խաղացողներից մեկն է և գրեթե միշտ խաղում է առանց փոխարինումների։ Իսկ այն, որ նա այսօր ինը րոպե պակաս խաղաց, կարծում եմ՝ դրա վրա ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել է Մուսաևը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































