Երևանի «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը ակումբի պատմության նոր ռեկորդ է սահմանել՝ անառիկ պահելով սեփական դարպասը Հայաստանի Պրեմիեր լիգայում անընդմեջ 608 րոպե: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Թեև «Արարատ-Արմենիայի» դեմ կայացած կարևորագույն հանդիպման 24-րդ րոպեին Ավագյանի՝ 6 խաղ տևած տպավորիչ «չոր» շարքն ընդհատվեց, դա հայ դարպասապահին չխանգարեց գրանցել պատմական արդյունք:

Այս ցուցանիշով նա դարձավ «Փյունիկի» պատմության լավագույն դարպասապահը՝ շրջանցելով թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի սահմանած ռեկորդը (600 րոպե): Մինչ այս, առաջնությունում Ավագյանը վերջին անգամ գոլ էր բաց թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին՝ «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին՝ Բրունո Միշելի հարվածից հետո:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանն իր ռեկորդային շարքը գրանցել էր 2008 թվականի առաջնության՝ «Արարատի» հետ 120 րոպե տևած «ոսկե խաղի» 69-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո: Դրան հաջորդած նոր առաջնության մեկնարկային 6 խաղերում նա դարպասն անառիկ էր պահել, և միայն 7-րդ տուրում՝ «Միկայի» հետ հանդիպման 10-րդ րոպեին էր գնդակ հանել սեփական դարպասից:

Այսպիսով, Հենրի Ավագյանը դարձավ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ ընդամենը 8-րդ դարպասապահը, ում հաջողվել է 600 և ավելի րոպե սեփական դարպասը պահել անառիկ։




























































