Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 30-րդ տուրում «Մալյորկայից» կրած անակնկալ պարտությունը (1:2)՝ ամբողջ մեղքը վերցնելով իր վրա։
Իսպանացի մասնագետը նաև հորդորել է թիմին մոռանալ ներքին առաջնությունն ու կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի առաջիկա կարևորագույն հանդիպման վրա։
Marca-ի փոխանցմամբ՝ Արբելոան, խոսելով ձախողված խաղի մասին, նշել է.
«Մեզ չբավականացրեց համբերատարությունն ու այն աշխատանքը, որը կատարել էինք շաբաթվա ընթացքում: Առաջին խաղակեսն ավելի լավ անցկացրինք, բայց կենտրոնացվածության կորուստը հանգեցրեց գոլի։ Երկրորդ կեսում արդեն չունեինք բավարար էներգիա և մտքի հստակություն: Լա Լիգան էլիտար մակարդակ է. եթե մի պահ կորցնում ես կենտրոնացվածությունդ կամ չես վերադառնում պաշտպանություն, անմիջապես վճարում ես դրա համար:
Այս պարտությունն իմն է, և ես այդ մասին ասել եմ ֆուտբոլիստներին: Որոշումներ կայացնողը, փոփոխություններ անողն ու տակտիկա թելադրողն ես եմ: Հիմա ինձ պետք է, որ նրանք հանդերձարանից դուրս գալիս մտածեն միայն երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ սպասվող հանդիպման մասին»։
Անդրադառնալով նույն տուրի կենտրոնական՝ «Ատլետիկո» — «Բարսելոնա» հանդիպմանը, Արբելոան ընդգծել է, որ հետևում է բացառապես իր թիմի ելույթներին.
«Ինձ չի հուզում մրցակիցների խաղը: Ես ժամանակ չեմ վատնում այն բաների վրա, որոնք չեն վերաբերում իմ թիմին։ Ինձ հետաքրքրում է միայն մեր թիմն ու առաջիկա հանդիպումը», — հավելել է մարզիչը։
«Ռեալ Մադրիդը» 30 խաղից հետո 69 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Բարսելոնային» (73 միավոր, 29 խաղ):
«Ատլետիկոն» 57 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Մալյորկան» վաստակած 31 միավորի շնորհիվ լքել է վտանգավոր գոտին և հաստատվել 15-րդ տեղում:
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում՝ ապրիլի 10-ին, մադրիդցիները սեփական հարկի տակ կընդունեն «Ժիրոնային», իսկ «Մալյորկան» ապրիլի 12-ին կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ:

























































