«Մինեսոտա Յունայթեդի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Ֆրանսիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում է Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կոլումբիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև ստուգողական հանդիպումը կայացել է մարտի 29-ին ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում և ավարտվել ֆրանսիացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։ 34-ամյա Ռոդրիգեսը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 63-րդ րոպեին։
Հանդիպմանը հաջորդող օրն անվանի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ուժեղ ջրազրկում, ինչի պատճառով նա 72 ժամ անցկացրել է բժշկական կենտրոնում՝ մասնագետների կանխարգելիչ հսկողության տակ։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ դրանից հետո կիսապաշտպանի ինքնազգացողությունը սկսել է բարելավվել։
Հիշեցնենք, որ MLS-ի ընթացիկ կանոնավոր առաջնությունում Խամես Ռոդրիգեսը «Մինեսոտայի» մարզաշապիկով առայժմ մասնակցել է երկու հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։


























































