«Բարսելոնան» հնարավոր է կրկին ժամանակավորապես լքի «Կամպ Նոու» մարզադաշտը՝ նոր տանիքի տեղադրման աշխատանքների պատճառով, հայտնում է Diari ARA-ն։
2027 թվականի ամռանը նախատեսված տանիքի տեղադրումը սպասվածից ավելի երկար կտևի։ Ի սկզբանե ակումբում ակնկալում էին աշխատանքներն ավարտել մոտ 4,5 ամսում, սակայն ինժեներները նշում են մինչև 7 ամիս ժամկետի մասին, որի ընթացքում մարզադաշտում խաղեր անցկացնելն անհնար կլինի։
Ակումբի գործառնական տնօրեն Ժոան Սենտելեսն ավելի վաղ նշել էր, որ «Բարսելոնան» ծրագրում է 2026/27 մրցաշրջանի վերջին երեք և հաջորդ առաջնության առաջին երեք տուրերն անցկացնել արտագնա, որպեսզի մարզադաշտը տրամադրվի շինարարական աշխատանքներին։
Անհրաժեշտության դեպքում կատալոնական ակումբը կարող է ժամանակավորապես տեղափոխվել «Յոհան Կրոյֆ» մարզադաշտ կամ վերադառնալ Մոնժուիկի Օլիմպիական մարզադաշտ։ Երկրորդ տարբերակը, սակայն, ցանկալի չէ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով, իսկ առաջինը չի համապատասխանում Լա Լիգայի պահանջներին, ըստ որի՝ մարզադաշտը պետք է ունենա առնվազն 15 հազար նստատեղ։
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է «Յոհան Կրոյֆի» տարողունակությունը 6 հազարից 16 հազարի հասցնելու հնարավորությունը, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքային իշխանությունների թույլտվությունը։
Հիշեցնենք, որ վերջերս մասնակիորեն վերաբացված «Կամպ Նոուում» կայացած «Սևիլիայի» դեմ խաղին ներկա է գտնվել շուրջ 60 հազար հանդիսական։
























































