Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է իր կարիերայի հնարավոր զարգացումների և ապագայի ծրագրերի մասին՝ ընդգծելով հարազատ ակումբ վերադառնալու ցանկությունը:
««Ինտերի» հետ պայմանագրիս ավարտին դեռ երեք տարի կա, և ես ինձ այստեղ շատ երջանիկ եմ զգում: Այնուամենայնիվ, ապագայում կցանկանայի գոնե մեկ մրցաշրջանով վերադառնալ «Ռասինգ»: Ճիշտ է, առայժմ չգիտեմ, թե երբ դա հնարավոր կլինի իրագործել»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Racing Radio-ն:
Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսն արգենտինական «Ռասինգի» սան է: Նա ակումբից հեռացել է 2018 թվականին՝ 25 միլիոն եվրոյի դիմաց համալրելով «Ինտերի» շարքերը: Հարձակվողի գործող համաձայնագիրը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում «ներաձուրիների» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:



























































