Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի դիրքերն ակումբում նկատելիորեն ամրապնդվել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը հաղթահարելուց հետո։ Այս մասին գրում է հեղինակավոր The Athletic պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի ապագան «արքայական ակումբում» դեռևս անորոշ է մնում և ուղղակիորեն կախված կլինի մրցաշրջանի վերջնական արդյունքներից։ Սակայն, ՉԼ-ում «քաղաքայինների» դեմ տարած հաղթանակներն Արբելոային «արժեքավոր հեղինակություն են բերել այն պահին, երբ իրավիճակն առավել քան անհուսալի էր թվում»։
Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորել է հունվարի 13-ին։ Իսպանական գրանդի հետ Արբելոայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։



























































